1 Chronicles 5
1 Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները։ Թեև նա էր անդրանիկը, սակայն, իր հոր անկողինը պղծելու պատճառով, հայրը՝ Իսրայելը, իր օրհնությունը տվեց իր որդի Հովսեփին։ Ռուբենը ազգահամարի մեջ իբրև անդրանիկ չգրվեց։
2 Թեև Հուդան զորավոր էր իր եղբայրների մեջ և նրանց իշխանը, բայց օրհնությունը Հովսեփին տրվեց։
3 Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիներն են՝ Ենոք, Փաղղուս, Եսրովմ և Քարմի։
4 Հովելի որդիները. Սեմեի, նրա որդի Բեբենա, Սեմեիի որդի
5 Գուգի որդիները՝ Բաաղ
6 և նրա որդի Բեեղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան։ Նա էր Ռուբենի ցեղի իշխանը։
7 Նրա եղբայրներն էին իրենց տոհմերով, ըստ իրենց ազգահամարի՝ իշխան Հովելը, Զաքարիան
8 և Հովելի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղեին, որ բնակվեց Արոյերում, Նաբավում ու Բելմաոնում։
9 Նա բնակվեց արևելքում՝ Եփրատ գետից մինչև անապատ, որովհետև Գաղաադում նա շատ անասուններ ուներ։
10 Սավուղի օրոք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դեմ, և Գաղաադի արևելյան ողջ շրջանի վրանաբնակները նրանց ձեռքը գերի ընկան։
11 Գադի որդիները բնակվեցին նրանց դիմաց՝ Բասանից մինչև Մեղքե։
12 Դրանք են. անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Սափա, ապա Անայի, որ գրագիր էր Բասանում։
13 Նրանց եղբայրները բնակվեցին ըստ իրենց տոհմական տների։ Դրանք են՝ Միքայել, Մոսողաամ, Սոբայե, Հովրե, Հաքան, Ազիա և Ովբեդ։
14 Այս յոթը Աբիքայիի որդիներն էին, որն Ուրիի որդին էր, իսկ նա՝ Ադայի որդին, նա՝ Գաղաադի որդին, նա՝ Միքայելի որդին, նա՝ Հեսսայի որդին, նա՝ Հեգդադի որդին, նա՝ Աքիբուզի որդին,
15 նա՝ Աբդիելի որդին, նա՝ Գունի որդին։ Աբիքային իշխանն էր նրանց տոհմերի,
16 որոնք բնակվում էին Գաղաադում, Բասանում և նրանց ավաններում, Սարոնի շրջակա բոլոր գավառներում, մինչև նրանց սահմանները։
17 Նրանք բոլորն ազգահամարի մեջ մտան Հուդայի արքա Հովաթամի և Իսրայելի արքա Հերոբովամի օրոք։
18 Ռուբենի ու Գադի որդիների և Մանասեի կես ցեղի զորավոր մարդիկ, որոնք սովոր էին պատերազմի, վահաններ ու սրեր ունեին և աղեղներ էին լարում. քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն՝ պատերազմի պատրաստ մարտիկներ էին։
19 Նրանք պատերազմի ելան հագարացիների, տուրեցիների, նափեսացիների, նաբեդոնացիների և նաբիմացիների դեմ։
20 Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
21 Նրանք ավար առան հագարացիների ունեցվածքը. հինգ հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ, նաև գերեցին հարյուր հազար մարդ։
22 Շատերն սպանվեցին, որովհետև պատերազմն Աստծուց եղավ։ Իսրայելացիները բնակվեցին նրանց բնակավայրերում մինչև իրենց գերեվարումը։
23 Մանասեի կես ցեղը բնակվեց երկրում՝ Բասանից մինչև Բաաղերմոն, Սանիր և Հերմոնի լեռը. Լիբանանում նրանք բազմացան։
24 Սրանք են նրանց գերդաստանների իշխանները՝ Ոփեր, Հեսսի, Ելիել, Եզիել, Հերեմիա, Հովդիա և Իգիել, որոնք զորեղ մարդիկ էին, իրենց գերդաստանների անվանի իշխաններ։
25 Սակայն նրանք ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդեպ, պոռնկացան՝ գնալով այն օտար երկրների աստվածների հետևից, որոնց Աստված ոչնչացրել էր նրանց առջևից։
26 Եվ Աստված Իսրայելի դեմ գրգռեց Ասորեստանի արքա Փանովքի հոգին ու Սուբի արքա Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբենի ցեղին, Գադդիի ցեղին և Մանասեի կես ցեղին, տարան նրանց Քաղա ու Քաբովր, Գովզան գետի եզերքը, որտեղ մնում են մինչև այսօր։